Ջրածինն ի զորու չէ՞ փրկելու Երկիրը կլիմայական ճգնաժամից

Պատկերը՝ audioundwerbung/Canva

Պատկերը՝ audioundwerbung/Canva

Ջրածինը վաղուց համարվում է Երկրի կլիմայական ճգնաժամի հնարավոր լուծում: Սակայն, ինչպես ցույց է տալիս Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, այն նաև խնդիրներ է ստեղծում և բացասական դեր է խաղում գլոբալ տաքացման գործում:

Ջրածնի կողմնակիցները հույս ունեն, որ ապագայում այն ​​կարող է արտադրվել և օգտագործվել մեծ մասշտաբով տրանսպորտում և ծանր արդյունաբերության մեջ՝ ապահովելով մաքուր այլընտրանք բրածո վառելիքին, քանի որ այն արտանետում է միայն ջրային գոլորշի: Ընդսմին, գիտնականները պարզել են, որ ջրածինը դեր է խաղացել գլոբալ ջերմաստիճանի բարձրացման գործում՝ նպաստելով մեթանի՝ ջերմոցային գազի, երկարատև պահպանմանը մթնոլորտում:

Ջրածնի արտանետումներն աճել են 1990-2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Սա հանգեցրել է նրան, որ ջրածինը նպաստել է համաշխարհային միջին ջերմաստիճանի 0.020C-ով բարձրացմանը։

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ ջրածնի արտանետումների աճը հիմնականում պայմանավորված է մարդկային գործունեությամբ: Այն կապված է մեթանի արտանետումների աճի հետ, որն առաջանում է բրածո վառելիքի այրման և անասնապահության հետևանքով. մեթանը քայքայվում է մթնոլորտում՝ առաջացնելով ջրածին։

Չնայած ջրածինն ինքնին աղտոտիչ չէ, այն անուղղակիորեն նպաստում է գլոբալ տաքացմանը՝ կլանելով մեթանը քայքայող բնական մաքրող նյութերը: Այս գազն ունի ավելի կարճ կյանքի տևողություն, քան ածխաթթու գազը։

Գիտնականների կարծիքով, որքան շատ ջրածին է կուտակվում մթնոլորտում, այնքան քիչ բնական մաքրող նյութեր են մնում: Արդյունքում մեթանը ավելի երկար է պահպանվում և, հետևաբար, ավելի երկար է նպաստում տաքացմանը: Ջրածնի փոխազդեցությունը բնական մաքրող նյութերի հետ նաև ազդում է ամպերի առաջացման վրա և հանգեցնում է այնպիսի ջերմոցային գազերի առաջացմանը, ինչպիսիք են օզոնը և ստրատոսֆերայի ջրային գոլորշին։

Մթնոլորտում ջրածնի այլ աղբյուրներից են արդյունաբերական ջրածնի արտադրությունից արտանետումները: Ջրածինը կարող է արտադրվել ջրի միջով էլեկտրական հոսանք անցկացնելով՝ այն ջրածնի և թթվածնի բաժանելու համար: Այնուամենայնիվ, այսօր ջրածնի մեծ մասն արտադրվում է բնական գազի կամ ածուխի այրման միջոցով, ինչը հանգեցնում է մեծ քանակությամբ ածխաթթու գազի արտանետման: Կա նպատակ՝ մեծ մասշտաբով արտադրել մաքուր ջրածին՝ օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ, սակայն այս գործընթացն առայժմ խիստ ծախսատար է։

Աղբյուրը՝ Nature

Պատկերը՝ audioundwerbung/Canva