Կոռուպցիայի և կաշառքի դեմ պայքարի մասին քաղաքականություն
Կոռուպցիայի և կաշառքի դեմ պայքարի մասին քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») հանդիսանում է «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» ՓԲԸ (այսուհետ՝ «Ընկերություն») ներքին իրավական ակտ:
Հիմնական սահմանումներ
Կաշառք՝ այն ամենն, ինչն ունի արժեք, ներառյալ ցանկացած ֆինանսական կամ այլ առավելություններ, որոնք առաջարկվում, տրամադրվում, թույլատրվում, պահանջվում կամ ընդունվում են ցանկացած անձի գործողության, անգործության կամ որոշման վրա ապօրինի ազդեցություն ունենալու նպատակով՝ անկախ այն հանգամանքից նա հանդիսանում է պետական պաշտոնատար, թե մասնավոր անձ:
Կոռուպցիա՝ իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահում անձնական շահ ստանալու նպատակով:
Նվերներ՝ անվճար ստացված ցանկացած թանկարժեք իր կամ առավելություն:
Ժամանց՝ ցանկացած զբաղմունք, որը ստացվում կամ տրամադրվում է անվճար կամ իր շուկայական գնից ցածր գնով, ներառյալ (սակայն չսահմանափակվելով)՝ սնունդ, ճանապարհորդություն, կացարան, սպորտային, ժամանցային և ներկայացուցչական միջոցառումներ:
Պետական պաշտոնատար անձ՝ պետության կամ պետության կողմից վերահսկվող կամ պետության սեփականություն հանդիսացող հաստատության պաշտոնատար անձ, աշխատող կամ ներկայացուցիչ, այդ թվում՝
- պետական մարմինների ցանկացած պաշտոնատար անձ, աշխատող կամ ներկայացուցիչ,
- ցանկացած անձ, ով զբաղեցնում է օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմիններում ցանկացած տեսակի պաշտոն,
- միջազգային հասարակական կազմակերպության ցանկացած պաշտոնատար անձ, աշխատող կամ ներկայացուցիչ,
- պետության սեփականություն հանդիսացող կամ պետության կողմից վերահսկվող ձեռնարկության կամ ընկերության ցանկացած պաշտոնատար անձ, տնօրեն, աշխատող կամ ներկայացուցիչ,
- քաղաքական կուսակցության ցանկացած պաշտոնատար անձ կամ ներկայացուցիչ:
- Ներածություն
Կոռուպցիան և կաշառքը անօրինական են և դեմ են էթիկայի կանոններին: Դրանք անկայունացնում են հասարակությունը, խարխլում են օրենքի գերակայությունն ու ստեղծում են լուրջ սպառնալիք կայուն տնտեսական զարգացման և շուկայի առողջ գործարկման համար: Կոռուպցիայի և կաշառքի ռիսկը չեզոքացնելու անընդունակությունը կարող է հեղինակազրկել մեզ և հանգեցնել Ընկերության նկատմամբ հետաքննությունների իրականացման, տուգանքների և/կամ այլ պատասխանատվության կիրառման:
Մենք որևէ առնչություն չունենք կոռուպցիայի հետ և անկախ տեղական ավանույթներից և սովորություններից կաշառք չենք տալիս: Մեր դիրքորոշումը կոռուպցիայի վերաբերյալ պարզ է. անընդունելի են կաշառք և այլ տեսակի ապօրինի առավելություններ առաջարկելը, տալը, թույլատրելը, շորթումը և ստանալը:
Ո՞ւմ նկատմամբ է կիրառելի
Սույն Քաղաքականության գործողությունը տարածվում է բոլոր աշխատողների, տնօրենների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև Ընկերության կոնտրագենտների և գործընկերների վրա:
Մեր կողմից ստանձնած հանձնառությունները
Մենք չենք հանդուրժում ցանկացած տեսակի կաշառք՝ լինի դա ուղղված պետական պաշտոնատար, թե մասնավոր անձանց: Մենք երբեք ուղղակի կամ միջնորդավորված չենք առաջարկում, չենք տալիս և չենք թույլատրում ցանկացած տեսակի կաշառք՝ ներառյալ պետական պաշտոնատար կամ մասնավոր անձանց պայմանականությունների պարզեցման նպատակով վճարվող վարձատրություններ:
Մենք երբեք ո՛չ ուղղակի, ո՛չ էլ միջնորդավորված չենք պահանջում և չենք ստանում ոչ մի տեսակի կաշառք: Կաշառքը կարող է լինել ինչպես դրամային, այնպես էլ ոչ դրամային, ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական:
Պետական պաշտոնատար անձինք
Պետական պաշտոնատար անձանց հետ փոխգործունեությունը ուղեկցվում է կոռուպցիայի կամ կոռուպցիայի ընկալման առավել բարձր ռիսկով: Մենք հատուկ զգուշավորորություն ենք ցուցաբերում պետական պաշտոնատար անձանց հետ փոխգործունեության, պետական պաշտոնատար անձանց հետ նվերների և ժամանցի փոխանակման կամ պետական պաշտոնատար անձանց օգնություն տրամադրելու ժամանակ:
Վճարումներ պայմանականությունների պարզեցման նպատակով
Պայմանականությունների պարզեցման նպատակով վճարումները հանդիսանում են կաշառքի տեսակ: Մենք երբեք չենք վճարում և թույլ չենք տալիս կատարել վճարումներ պայմանականությունների պարզեցման նպատակով: Եթե մեզ խնդրում են կատարել վճարում պայմանականությունների պարզեցման համար, ապա մենք պարտավորվում ենք հրաժարվել նման վճարում կատարելուց և այդ մասին անհապաղ հայտնել իրավասու մարմիններին:
Նվերներ և ժամանց
Նվերների և ժամանցի նկատմամբ խելամիտ վերահսկողության գործընթացները թույլ են տալիս խուսափել փաստացի կամ ենթադրյալ կաշառքի կամ կոռուպցիայի կասկածի ռիսկից:
Մենք նվիրում ենք կամ ընդունում բացառապես այն նվերները կամ ժամանցային առաջարկները, որոնք համապատասխանում են սովորական բիզնես էթիկային:
Մենք չենք նվիրում և չենք ընդունում նվերներ և ժամանցային առաջարկներ, որոնք՝
- կազմակերպվում են ստացողի որոշումների կայացման կամ նրա վարքագծի վրա ազդելու մտադրությամբ կամ հեռանկարով,
- կազմակերպվում են որևէ ապօրինի կամ անբարեխիղճ առավելություն ստանալու մտադրությամբ
- հիմնավորված կարող են ցանկացած դեպքում դիտարկվել որպես կաշառք, կամ
- դրամական միջոցների տեսքով են, այդ թվում՝ նախապես վճարված քարտեր կամ նվեր քարտեր, որոնք կարող են փոխանակվել կանխիկ դրամի հետ:
Հովանավորչություն, բարեգործական վճարներ և համայնքային ներդրումներ
Մենք երբեք չենք կատարում հովանավորչություն և բարեգործական վճարներ կամ համայնքային ներդրումներ, որպեսզի քողարկենք կաշառքը կամ ստանանք ապօրինի առավելություն բիզնեսում:
Մենք երաշխավորում ենք, որ մինչև հովանավոր դառնալը, տեղական համայնքում ներդրում կատարելը կամ բարեգործական վճար կատարելը մենք իրականացնում ենք համալիր ստուգում ռիսկերի գնահատման հիման վրա: Մենք վերահսկում ենք մեր դրամական միջոցների կամ ռեսուրսների պատշաճ օգտագործումը:
Քաղաքական ներդրումներ
Սույն ռիսկը նվազեցնելու նպատակով մենք չենք ներդնում միջոցներ և ռեսուրսներ որևէ քաղաքական քարոզարշավի, քաղաքական կուսակցության, քաղաքական թեկնածուի կամ որևէ քաղաքապես փոխկապակցված կազմակերպության մեջ:
Գործընկերներ
Մենք մեր գործընկերներից ակնկալում ենք նույն համախոհությունը բիզնեսի վարման մեր էթիկական և պատասխանատու մեթոդների հարցում: Մենք երբեք չենք թույլատրում մեր գործընկերներին մեր անունից մասնակցել կաշառքի կամ կոռուպցիայի մեջ:
Միաձուլում և միացում
Միաձուլման կամ միացման գործարքների կնքման ժամանակ մենք իրականացնում ենք համալիր ստուգում ռիսկերի գնահատման հիման վրա՝ տվյալ գործարքի հետ կապված կաշառքի և կոռուպցիայի ցանկացած ռիսկի բացահայտման նպատակով, և միջոցներ ենք ձեռք առնում բացահայտված ցանկացած խնդրի լուծման համար: Եթե մենք ձեռք ենք բերում բիզնեսի նկատմամբ հսկողություն իրականացնելու կամ բիզնեսը կառավարելու իրավունք, մենք անմիջապես ներդնում ենք սույն Քաղաքականությունը, վերջինիս հետ կապված համապատասխան ընթացակարգերը և վերահսկողության միջոցները:
Պատշաճ հաշվառում
Մենք ապահովում ենք բոլոր գործառնությունների ճշգրիտ հաշվառումը, և բոլոր գրառումներն արտացոլում են գործառնությունների բնույթն ու էությունը:
Խոսում ենք բաց
Յուրաքանչյուրս պատասխանատվություն է կրում իր պարտականությունների կատարման համար: Մեր Ընկերությունը պահանջում է իր աշխատողներից և կոնտրագենտներից խոսել բաց և բարձրաձայնել օրենսդրական ակտերի և սույն Քաղաքականության հնարավոր խախտումների մասին իրենց մենեջերի, ղեկավարի մոտ կամ ցանկացած այլ հասանելի միջոցներով:
Հետևանքներ
Մեր Քաղաքականությունը լրացնում է մեր արժեքները և արտացոլում է, թե ինչն է կարևոր Ընկերության համար: Մենք խիստ ենք վերաբերվում մեր Քաղաքականության խախտումներին: Կախված խախտման ծանրությունից՝ հետևանքը կարող է լինել նկատողությունից ընդհուպ մինչև աշխատանքից ազատում՝ տեղեկացնելով խախտման մասին իրավապահ մարմիններին:
Սույն Քաղաքականությունը կարող է վերախմբագրվել ժամանակ առ ժամանակ և Քաղաքականության վերախմբագրված տարբերակն անհապաղ կտեղադրվի մեր կայքէջում: