Ծաղկաձոր

Ծաղկաձորը  միջազգային զբոսաշրջային կենտրոն է, առողջարանային քաղաք և սիրված հանգստավայր Հայաստանում: Միջնադարում հայտնի էր որպես Ծաղկունյաց ձոր։ Քաղաքի անվանումը կապված է հարավ-արևմուտքում գտնվող Ծաղկունյաց լեռների հետ։

Ընկած է մայրաքաղաք Երևանից 50 կմ հյուսիս և Հրազդան շրջկենտրոնից 3 կմ դեպի արևելք: Ալպյան մարգագետիններով շրջապատված քաղաքը գտնվում է Թեղենիսի լեռների հարավարևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1841 մ բարձրության վրա:

Քաղաքից դեպի արևմուտք գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթան։ Ծաղկաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդական նստավայրը (Կեչառիսի տաճար) և պատմական Մաքրավանքը՝ Աշոտ Երկաթ թագավորի ապաստարանը:

Իր կանաչապատ հրապարակներով ու ծառուղիներով, ասֆալտապատ փողոցներով ու  գիշերային շքեղ լուսավորությամբ, հյուրանոցներով ու հանգստյան տներով, ժամանակակից լեռնադահուկային ուղեգծերով ու ճոպանուղիներով  Ծաղկաձորը գրավիչ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: