Պատկերը՝ Christopher Ison/English Heritage/PA
Սթոունհենջի հարևանությամբ ավարտին է մոտենում շուրջ 4 500 տարվա վաղեմություն ունեցող հսկայական նեոլիթյան շենքի անսովոր վերակերտումը։ Հնագետները և կամավորները փորձել են վերստեղծել առեղծվածային «նեոլիթյան սրահը», որը, հնարավոր է, օգտագործվել է ծեսերի, ձմեռային հավաքների, պաշարների պահպանման կամ Սթոունհենջի կառուցմանը մասնակցող մարդկանց հանգստի համար։
Սակայն, գիտնականները մինչ այժմ վստահ չեն, թե արդյո՞ք նման ծածկված կառույց իսկապես գոյություն ունեցել է, թե հնագիտական հետքերը կարող էին այլ բան նշանակել։
Մոտ 1 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ նախագիծն իրականացնում է English Heritage կազմակերպությունը Սոլսբերիի հարթավայրում գտնվող Սթոունհենջի զբոսաշրջային կենտրոնի հարևանությամբ։ Յոթ մետր բարձրությամբ փայտե կառույցը ձեռքով կառուցվել է ինն ամիս շարունակ՝ շուրջ 100 կամավորների մասնակցությամբ։ Շենքը ստացել է Kusuma Neolithic Hall անվանումը և արդեն այս ամռանը կբացվի այցելուների համար, իսկ հետո կդառնա ինտերակտիվ կրթական տարածք դպրոցականների համար։
Վերականգնումը հիմնված է Durrington 68 հնագիտական օբյեկտի վրա, որը հայտնաբերվել է Վուդհենջի մոտ՝ Սթոունհենջի հարևանությամբ գտնվող ևս մեկ նեոլիթյան հուշարձան։ Առաջին պեղումներն այստեղ կատարվել են դեռ 1928 թվականին, իսկ ավելի ուշ օբյեկտը կրկին ուսումնասիրվել է Stonehenge Riverside Project-ի կողմից։ Հնագետները հայտնաբերել են անսովոր կառուցվածք՝ սյուների փոսերի օղակ և չորս հսկայական կենտրոնական հենասյուներ, որոնք կարող էին պահել տանիքը։
Գլխավոր խնդիրն այն է, որ գյուղատնտեսական աշխատանքները դարեր շարունակ ոչնչացրել են հատակներն ու օջախները, ուստի կառույցի ճշգրիտ նշանակությունը մնում է առեղծված։ Մոտակայքում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ և կավե անոթներ, ինչը կարող է վկայել ձմեռային խնջույքների, ծիսական հավաքների կամ պաշարների համատեղ պահպանման մասին։
Փորձարար-հնագետ Լյուկ Ուինթերը, որն աշխատել է նախագծի վրա, պատմել է, որ վերականգնումն ամբողջությամբ հիմնված է նեոլիթի բուսականության և տեխնոլոգիաների մասին տվյալների վրա։ Շինարարության համար օգտագործվել են քարե գործիքների պատճեններ, իսկ հետազոտողները բառացիորեն հաշվել են քարե կացնի յուրաքանչյուր հարվածը։ Ուինթերի խոսքով՝ սկզբում նա կասկածում էր, որ հնագիտական օբյեկտն իսկապես ծածկված շենք է եղել, սակայն շինարարությունից հետո շատ ավելի հակված է այս վարկածին։
Ինչպես Սթոունհենջը, վերակառուցված սրահը նույնպես ուղղված է ձմեռային արևադարձին։ Հնագետները դա համարում են կառույցի հնարավոր ծիսական նշանակության կարևոր նշան։
Նախագիծը նաև կդառնա English Heritage-ի նոր կրթական ծրագրի մաս։ Կազմակերպությունը նախատեսում է տարեկան 100 հազարի հասցնել օբյեկտ այցելող դպրոցականների թիվը։
Երեխաներին կառաջարկեն ոչ թե պարզապես էքսկուրսիաներ, այլ խորասուզվել նեոլիթյան կյանքի մեջ՝ կրակ վառելով, հնագույն կերամիկա և նույնիսկ «նախապատմական պանիր» պատրաստելով։
Սթոունհենջի կուրատոր Ուին Սքաթը կարծում է, որ նման կառույցներն օգնում են հասկանալ ամենակարևորը․ Սթոունհենջը կառուցած հասարակությունը հիմնված էր ոչ այնքան իշխանության կամ հիերարխիայի, որքան կոլեկտիվ ինքնության և համատեղ աշխատանքի վրա։
Նրա խոսքով՝ նեոլիթի հսկայական հուշարձանները կարող էին լինել միջոց՝ ցույց տալու համար, որ «մենք մեկ միասնական համայնք ենք»։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ Christopher Ison/English Heritage/PA