Eleveight AI-ն ընդլայնում է արհեստական բանականության գործարանը Հայաստանում

Պատկերը՝ Armfintech

Պատկերը՝ Armfintech

NVIDIA Blackwell-ի հիմքով Հայաստանում և Հարավային Կովկասում արհեստական բանականության առաջին գործարանի գործարկումից մեկ ամիս անց մեկնարկային ողջ հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է: Eleveight AI ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները:

«Արձագանքը զգալիորեն ավելի մեծ էր, քան մենք ակնկալում էինք»,— նշել է Eleveight AI-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը, — «Մեր նախնական հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Այժմ արդեն կառուցում ենք առաջին փուլի հաջորդ աստիճանը: Սա հաստատում է, որ տարածաշրջանում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքի իրական պահանջարկ կա»։

Նրա խոսքով՝ ընկերության նպատակն է պատասխանատվությամբ մասշտաբավորել ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքերը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն:

Ներկայում գործարանի հզորությունը կազմում է 1,5 ՄՎտ և ամբողջությամբ ծանրաբեռնված է: Ընդլայնման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է հզորությունը հասցնել 5 ՄՎտ-ի: Երկրորդ փուլի ավարտից հետո գործարանի հզորությունը կհասնի 40 ՄՎտ-ի:

Նման արագ աճն արտացոլում է ինչպես հայաստանյան շուկայի, այնպես էլ միջազգային պատվիրատուների կողմից աճող պահանջարկը:

Արհեստական բանականության գործարանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում, աշխատում է NVIDIA Blackwell տեխնոլոգիայով: Այն հանդիսանում է 120 միլիոն դոլար ծավալով ներդրումային ծրագրի մեկնարկային մասը, որից 70 միլիոն դոլարն արդեն իրացվել է:

Այսօր գործարանում տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 գրաֆիկական պրոցեսորներ (GPU): Սարքավորումը հասանելի է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հաճախորդներին: Ընդ որում, ընկերությունն առաջարկում է աշխատանքի երկու հիմնական ձևաչափ:

Հաճախորդները կարող են վարձակալել առանձնացված ռեսուրսներ (Dedicated). այս դեպքում GPU-ի ողջ հզորությունն ամրակցվում է բացառապես մեկ հաճախորդի: Այս տարբերակն առանձնապես պահանջված է խոշոր ընկերությունների և նախագծերի կողմից, որոնց համար կարևոր են առավելագույն արտադրողականությունն ու լիակատար գաղտնիությունը:

Մյուս տարբերակը համատեղ օգտագործումն է (Shared): Այստեղ ռեսուրսները բաշխվում են մի քանի օգտատերերի միջև, ինչը հզոր սարքավորումների հասանելիությունը դարձնում է զգալիորեն ավելի մատչելի: Այս ձևաչափը հարմար է ստարտափների, հետազոտողների և այն թիմերի համար, որոնք սարքավորումների մշտական լրիվ ծանրաբեռնվածության կարիք չունեն:

Այսպիսի ճկուն մոդելի շնորհիվ Eleveight AI-ն կարող է աշխատել ամենատարբեր պատվիրատուների հետ՝ սկսած փոքր թիմերից մինչև խոշոր միջազգային խաղացողներ:

Աղբյուրը՝ Data Center News UK

Պատկերը՝ Armfintech