Պատկերը՝ HUBBLE/ESA, M. KORNMESSER
Տարիներ շարունակ գիտնականները փորձում էին հասկանալ, թե որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը։ Վարկածներից մեկի համաձայն՝ այն առաքվել է գիսաստղերով և աստղակերպերով արեգակնային համակարգի արտաքին շրջաններից՝ մեր մոլորակի ձևավորումից հետո։ Մյուս տեսությունը ենթադրում է, որ ջուրը կարող էր առաջանալ անմիջապես Երկրի ներսում՝ վաղ փուլերում քիմիական ռեակցիաների արդյունքում։
Մինչև վերջերս երկրորդ վարկածը չէր հաջողվում ստուգել իրականին մոտ պայմաններում։ Սակայն միջազգային հետազոտողների թիմը առաջին անգամ անցկացրել է լաբորատոր փորձեր, որոնք հաստատել են ջրի ներքին ծննդի հնարավորությունը ձևավորվող մոլորակների ընդերքում։
Վարկածը ստուգելու համար գիտնականներն ընտրել են սուբնեպտունները որպես մոդել՝ մեր գալակտիկայում ամենատարածված էկզոմոլորակների տեսակը։ Դրանք իրենց չափերով Երկրից, մեծ են, Նեպտունից փոքր և, ենթադրաբար, ունեն ժայռային միջուկ՝ շրջապատված խիտ ջրածնային մթնոլորտով։
Լաբորատորիայում հետազոտողները վերստեղծել են երիտասարդ մոլորակային մարմնին բնորոշ պայմանները։ Ադամանդե սեղմիչ սարքի օգնությամբ՝ որը կարող է ստեղծել ծայրահեղ ճնշում՝ երկաթ պարունակող հալված ժայռի նմուշները սեղմել են մինչև 600 հազար մթնոլորտ։ Միաժամանակ դրանք տաքացրել են մինչև ավելի քան 4000 աստիճան ըստ Ցելսիուսի։ Նման պարամետրերը համապատասխանում են խիտ ջրածնային ամպով շրջապատված մոլորակի ընդերքի վիճակին՝ ձևավորման վաղ փուլերում։
Այս պայմաններում ջրածինը հեշտությամբ լուծվում է մագմայում և մտնում ռեակցիայի երկաթի օքսիդների հետ։ Արդյունքում առաջանում է հեղուկ ջուր։ Ռեակցիան տեղի է ունենում ինքնաբերաբար և զգալի ծավալներով։ Ջուրը դառնում է ձևավորվող մոլորակի ընդերքում ընթացող քիմիական գործընթացների բնական կողմնակի արդյունքը։ Ջրածնային մթնոլորտը գործում է որպես «ջերմային վերմակ»՝ պահպանելով ջերմությունը միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիներ։ Սա թույլ է տալիս ռեակցիաներին շարունակվել բավական երկար՝ կուտակելու նկատելի քանակությամբ ջուր։
Բացահայտումը ստիպում է վերանայել երկրային օվկիանոսների ծագումը։ Հնարավոր է՝ դրանց զգալի մասը ձևավորվել է դեռևս մագմատիկ օվկիանոսի փուլում, այլ ոչ թե առաքվել արտաքինից։ Սա բացատրում է, թե ինչու հեղուկ ջրի հետքերը հայտնվում են Երկրի երկրաբանական գրառումներում արդեն ձևավորումից մի քանի հարյուր միլիոն տարի անց։
Էկզոմոլորակների համար բացահայտումն էլ ավելի կարևոր է։ Եթե ջուրը առաջանում է որպես մոլորակաձևավորման անխուսափելի արդյունք, ապա այն պետք է շատ ավելի տարածված լինի Տիեզերքում, քան նախկինում կարծում էին։ Հատկապես սա վերաբերում է սուբնեպտուններին՝ Ծիր Կաթինում հայտնաբերվել է ավելի քան հազար նմաններ, և դրանցից շատերը կարող են պարունակել ներքին օվկիանոսներ՝ հաստ սառույցի կամ մթնոլորտի շերտի տակ։
Աղբյուրը՝ Nature
Պատկերը՝ Hubble/ESA, M. Kornmesser