45000 մասնակիցներ, ավելի քան 1000 ներդրողներ, աշխարհի առջև ծառացած դժվարագույն խնդիրները լուծելու համար նոր տեխնոլոգիաներ կիրառող տեսլականներ, տեխնոլոգիական ձեռնարկությունների ինժեներներ, ովքեր լուծումներ են առաջարկում՝ հարստացնելով մեր կյանքի բոլոր ոլորտները:
Այստեղ ներկայացված է ավելի քան 90 երկիր. սա այն վայրն է, որտեղ գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգը հատվում է ներդրումների, նորարարությունների ու տաղանդների հետ։ London Tech Week 2024 համաժողովին ներկայացված էին նաև ՁորաՀԷԿ-ի ներդրումային հնարավորությունները, համագործակցության առաջարկներըն ու զարգացման հեռանկարները։
Հունիսի 10-ին՝ համաժողովի բացման օրը, մասնակիցներին բաժանվեց “Dzoraget Hydro: Cooperation and Investment Possibilities” տեղեկատվական բուկլետը, ուր զետեղված էին ՁորաՀԷԿ-ի ստեղծման հակիրճ պատմությունը, տեխնիկական բնութագրերը, սարքավորումների նկարագրությունը, ներդրումային գրավչությունը։
Բացի այդ, 2024 թվականի հունիսի 12-ին «Միացյալ Թագավորություն՝ աճի ցատկահարթակ» խորագրով միջոցառման ժամանակ ՄԿՎԻ փորձագետ Մարինա Հակոբյանը ներկայացրեց ՁորաՀԷԿ-ի զարգացման հիմնական ուղղությունները, ՀԷԿ-ի արտադրանքի սպառման կառուցվածքը, կայանի գործունեության բնապահպանական ասպեկտները և շրջակա միջավայրի վրա ազդեցության զրոյացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ձորագետի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ձորագետի ափին Հայաստանի Լոռու մարզի նույնանուն գյուղի հարևանությամբ։ Այն սկսեց գործել 1932 թվականի նոյեմբերի 15-ին՝ ունենալով 22,32 ՄՎտ նախնական դրվածքային հզորություն: Ներկայում կայանում գործում է երեք գեներատոր՝ ապահովելով 26,2 ՄՎտ հզորություն: Չնայած իր ոչ մեծ հզորությանը՝ կայանն ունի նաև շաբաթական կարգավորման ջրավազան։
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ Dzoraget Hydro: Cooperation and Investment Possibilities