Բրիտանական RheEnergise ընկերությունը մեկնարկում է արտասովոր հիդրոէլեկտրակայանի փորձնական նախագիծը: Այն կտեղակայվի Դևոն կոմսությունում և կունենա 500 կՎտ հզորություն։ Նախագիծը լուծում է հիդրոէներգետիկայի հիմնական խնդիրներից մեկը՝ հարմար հարթակների պակասը: Եթե գիտափորձը հաջողվի, նման էլեկտրակայանները լայն տարածում կգտնեն ամբողջ աշխարհում։
Փորձագետները հաշվարկել են, որ նոր էներգետիկ օբյեկտը 2,5 անգամ ավելի հզոր կլինի, քան ավանդական մոտեցումներն օգտագործող նմանօրինակ կայանները, իսկ ածխածնի արտանետումները զրոյական կլինեն: RheEnergise-ի ինժեներները գտել են բարձրության մեծ տարբերություններից խուսափելու յուրօրինակ մեթոդ՝ մոդիֆիկացնելով համակարգի աշխատանքային մարմինը։
Ջրի փոխարեն նրանք մտադիր են R19 հանքային փոշու հիման վրա ստացված լուծույթ օգտագործել։ Դրա ավելացումից ջուրը վերածվում է բարձր խտության մածուցիկ հեղուկի։ Ավելի ծանր հեղուկի օգտագործման շնորհիվ նախատեսվում է հասնել նույն բնութագրերին, ինչ ավանդական ջրամղումով հիդրոէլեկտրակայանների դեպքում, բայց՝ օգտագործելով 40%-ով ավելի փոքր ջրամբարներ:
Դա հնարավորություն կտա նման համակարգերը տեղադրել ավելի ցածր բլուրներով տարածքներում: Դրանց առավելությունների է այն, որ նման էլեկտրակայաններին բնորոշ չէ աստիճանական անկումն ու ջրի արտահոսքը: Առաջին նման էլեկտրակայանը սնուցելու է սանտեխնիկա արտադրող ընկերությանը:
Ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Կրոշը նշել է, որ այս մշակումը նորարարական է էներգետիկ ոլորտում։ Մի շարք երկրների գործընկերներ արդեն հետաքրքրված են այս տեխնոլոգիայով. առաջիկա տարիներին RheEnergise-ը մտադիր է գործարկել առնվազն 10 ՄՎտ ընդհանուր հզորությամբ առաջին ցանցային նախագիծը:
Աղբյուրը՝ RheEnergise/ECTI
Պատկերը՝ RheEnergise