ՁորաՀԷԿ-ն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները, բայց գտնվում է այնտեղ, ուր «գազազած գալի` գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի»։ Ջրհեղեղներն այստեղ հաճախ են պատահում, բայց այս տարվա աղետը եզակի էր իր ծավալով ու կործանարար հետևանքներով։ Նույնիսկ զառամյալ տեղաբնակները գետերի նման վարարում դժվարությամբ են մտաբերում։
90-ամյա հիդրոկայանի անձնակազմը սեփական փորձով է ձևավորել նման աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը։ Ջրհեղեղների ժամանակ կարգավորված աշխատանքի մեխանիզմն այստեղ ձևավորվել և փորձարկվել է տարիներով, ու փաստաթղթավորված կանոնակարգերին դիմելու անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ։ Ջրհեղեղի ժամանակ յուրաքանչյուր ոք գիտե իր անելիքը։
...Մայիսի 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել-տարել էր ամեն բան: Ավերվել և անանցանելի էին դարձել Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։ Բուն կայանում ջուրը ողողել էր շենքերն ու շինությունները և հարակից տարածքները։ Հիմնական արտադրական սարքավորումները կիսով չափ ծածկված էին ջրով։ Ջուրը քշել-տարել էր նաև ՁորաՀԷԿ-ի հետիոտնային կամուրջը։ Կայանի հերթափոխի անձնակազմը կտրված էր «ցամաքից»։
Ավագ փականագործ-շրջագայող Արտակ Պետրոսյանի ջանքերով հնարավոր եղավ կարգավորել ագրեգատների անխափան աշխատանքն այնպես, որ տուրբինային սարքավորումների սրահը պաշտպանվեց հեղեղումից: Էլեկտրական սարքավորումների ավագ վարպետ Ռաֆայել Շահվերդյանի և օժանդակ բանվոր Արման Սարգսյանի շուրջօրյա աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերցվեցին աղետի հետևանքները և ՀԷԿ-ի աշխատանքը վերադարձավ բնականոն ռեժիմին:
Երբ գետի հունը խաղաղվեց, իսկ ջրի մակարդակն սկսեց իջնել, անձնակազմը ձեռնամուխ եղավ աղետի հասցրած վնասների գնահատմանը։ Իրականացվեցին Էներգետիկ սարքավորումների, արտադրական շենքերի ու շինությունների հիմքի ուսումնասիրություն, փակ բաշխիչ սարքվածքի հանգույցների ուսումնասիրում և վերափորձարկում, ջրընդունիչի մուտքի, գետի հունի պատվարների ուսումնասիրություն, հնարավոր վնասվածքների արձանագրում։
Աղետից մեկուկես ամիս անց ՀԷԿ-ի անձնակազմի մասնագետները կորպորատիվ միջոցառման ընթացքում քննարկեցին բնական աղետից հետո իրականացված գործողությունների առանձնահատկություններն ու տեխնիկական խնդիրները, հնարավոր բնապահպանական ռիսկերը, դրանց կառավարման, ինչպես նաև վնասների փոխհատուցման իրավական խնդիրներն ու կարգավորման հնարավոր տարբերակները։
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ DzoraHPP