Սառցադաշտերի հալման պատճառով ծովի մակարդակի բարձրացման տեմպերը վերջին քսան տարիների ընթացքում գերազանցել են 2 միլիմետրը։
20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Երկրի վրա միջին ջերմաստիճանն անընդհատ աճում է։ Դա առաջին հերթին պայմանավորված է մարդու գործունեությամբ և ածխաթթու գազի արտանետումներով: Գլոբալ տաքացման բացասական հետևանքներից է ջրի մակարդակի բարձրացումը՝ սառույցի հալվելու պատճառով, ինչը կարող է հեղեղել բնակեցված տարածքները և փոխել ծովային հոսանքները:
Գիտնականները պարզել են, թե ինչպես են փոխվել Սառուցյալ օվկիանոսի հարևանությամբ գտնվող սառցադաշտերը։ Առանց Գրենլանդիայի սառցադաշտերը հաշվի առնելու, դրանք զբաղեցնում են բևեռային շրջանի հողատարածքի մեկ երրորդը։ Գիտնականները հավաքել են բոլոր սառցադաշտերի՝ 2000-ից 2020 թվականների ընթացքում արված պատկերները, այնուհետև ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվել դրանց տարածքը, ծովի հետ շփման բնույթը:
Հաշվարկները ցույց են տվել, որ հալման արագությունը վերջին 20 տարիների ընթացքում աճել է: 2000-ից 2010 թվականներին այս ցուցանիշը կազմել է տարեկան մոտ 44,4 մլրդ տոննա, մինչդեռ հաջորդ տասնամյակում այն աճել է մինչև տարեկան 51,9 մլրդ տոննա։ Այս գործընթացները հատկապես ազդել են Ռուսաստանի արկտիկական տարածքների վրա, որտեղ սառցադաշտերի հալման արագությունն աճել է 50-ից 55 տոկոսով։
Նման ծավալի սառույցի հալվելը համարժեք է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի 2 միլիմետրով բարձրացմանը։
Աղբյուրը՝ Carbon Brief
Լուսանկարը՝ Global Look Press