Դանիայում փորձել են գարու օսլայից և շաքարի ճակնդեղի թափոններից այլընտրանքային պլաստիկ ստեղծել, որը շուտով կիրառելի կդառնա սննդի պահպանման համար:
Ըստ լաբորատոր փորձարկումների, Կոպենհագենի համալսարանի ստեղծած նյութը բնության մեջ քայքայվում է մոտ երկու ամսում։ Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, սովորական պլաստիկի քայքայման համար 20-ից 500 տարի (կամ ավելի) է պահանջվում:
«Մենք ունենք պլաստիկ թափոնների հսկայական խնդիր, որը, թվում է, անհնար է լուծել վերամշակման եղանակով: Ուստի, մենք ստեղծեցինք կենսապլաստիկի նոր տեսակ, որն ավելի ամուր է և ավելի լավ է դիմանում ջրի ներգործությանը, քան գոյություն ունեցողները: Միևնույն ժամանակ, մեր նյութը 100%-ով կենսաքայքայվող է և միկրոօրգանիզմների ազդեցությամբ կարող է վերածվել կոմպոստի»,- ասել է հայտնագործության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Անդրեաս Բլենոուն։
Մասնագետների կարծիքով աշխարհում պլաստիկի միայն 9%-ն է վերամշակվում: Դրա զգալի մասն այրվում է։ Կոպենհագենում պատրաստված նյութը համապատասխանում է իսկապես կենսաքայքայվող պլաստիկին ներկայացվող պահանջներին:
Գարուց և ճակնդեղից ստեղծված պլաստիկի բաղադրանյութերն են ամիլոզը և ցելյուլոզը, որոնք հաճախ են հանդիպում բույսերում: Արտադրությունը պարզեցնելու համար գիտնականների խումբը ամիլոզի բարձր պարունակությամբ գարու հատուկ տեսակ է ստեղծել, որի օսլան ջրի ազդեցությամբ մածուկի չի վերածվում:
Շաքարի ճակնդեղի մանրաթելերը 1000 անգամ բարակ են բամբակի մանրաթելերից, ինչն ապահովում է նյութի բարձր ամրությունը։ Կենսապլաստիկը պատրաստվում է բաղադրիչները ջրի մեջ խառնելով կամ ճնշման տակ տաքացնելով:
Աղբյուրը՝ Interesting Engineering
Պատկերը՝ University of Copenhagen