Մարտիրոս Սարյանի «Ձորագես» կտավի «ոդիսականը»

Մարտիրոս Սարյան «Ձորագես»

Մարտիրոս Սարյան «Ձորագես»

1922 թվականի սեպտեմբերի 17-ին գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանը «Պրավդա» թերթի մանդատով երկարատև գործուղման է մեկնում Անդրկովկասի հանրապետություններ։ Նա շրջագայում է Հայաստանով, գրում է ակնարկներ, մենագրություններ, ծավալուն հոդվածներ հայկական բնաշխարհի, մարդկանց, նրանց առօրյայի ու արարումների մասին։

Շահինյանն ակտիվ մասնակցություն է ունենում նաև Խորհրդային Հայաստանի «հարվածային կառույց» հռչակված Ձորագէսի՝ 1927 թվականին սկսված և շուրջ 5 տարի տևած շինարարությանը, որի առօրյան էլ հետագայում դառնում է նրա «Հիդրոցենտրալ» (1931) վեպի նյութը։

Հայաստանում շրջագայելու տարիներին Մարիետա Շահինյանը ծանոթանում է հայ արվեսսի ու մշակույթի գործիչների հետ։ Ասում են, Մարտիրոս Սարյանը, ոգեշնչված Ձորագեսի շինարարության՝ ժամանակի համար չափազանց բարդ ու բազմատարր հիդրոտեխնիկական հանգույցների ու աննախադեպ ինժեներական լուծումների մասին Մարիետա Շահինյանի պատմածներով՝ այցելում է Ձորագես ու այդ եզակի կառույցից ստացած իր տպավորությունները որոշում է հանձնել է կտավին։

1929 թվականին նա վրձնում է իր «Ձորագես» հանրահայտ կտավը, որն առաջին անգամ ցուցադրվում է 1930 թվականի մայիսին Երևանի պետական թատրոնում բացված Հայաստանի կերպարվեստի աշխատողների առաջին ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին Սարյանը ներկայացրել էր 10 աշխատանք, այդ թվում՝ «Ձորագես» նկարը:

Սարյանի աշխատանքներում բնությունը երբեք պարզապես ֆոն չէ, այլ ակտիվ դերակատար, որն արտահայտում է ազգային ինքնությունը և մշակութային արժեքները: «Ձորագես» կտավում ևս արտացոլված է Սարյանի յուրօրինակ ոճը, որտեղ բնական տեսարանները խառնվում են սենսացիոն գույներով և պարզ, բայց հարուստ ձևերով: Լույսը, գույնը և բնապատկերներն արտահայտում են մարդու և բնության ներդաշնակությունը։

Ուշադիր նայելու դեպքում դժվար չէ նկատել, որ բեռնատարի թափքին բարձված բեռի ուրվագծերով հստակ նշմարվում են СССР տառերը։

Տասնամյակներ շարունակ Սարյանի «Ձորագես» կտավը գտնվել է Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցներում անմխիթար վիճակում։ Ավելի քան 40 հազար ցուցանմուշ ունեցող պատկերասրահում այսպիսի աշխատանքներ շատ կան, մոտ 15 հազար։ Այս գործերը զգալի վնասված են ու երբևէ չեն վերականգնվել։

Սարյանի կտավը միայն 2019 թվականի ամռանն է դուրս բերվել պատկերասրահի պահոցներից։ JTI Armenia ընկերությունը վերականգնման ենթակա ստեղծագործությունների ցանկից ընտրել է նաև այդ նկարը։ 15 մասնագետներից կազմված խորհուրդը քննարկել ու հաստատել է աշխատանքի ընթացքը, ու վերականգնողները սկսել են կտավի «բուժումը»։

Մարտիրոս Սարյանի «Ձորագես» նկարի վերականգնումը, մասնագետների բնորոշմամբ, «աննախադեպ բարդ է եղել»։ Կտավը բաղկացած է երկու՝ իրար կարված մասերից։ Որպեսզի կտավի կենտրոնով անցնող կարը չերևա, վերականգնողները մեկ ամսից ավելի միացնում էին կտավի երկու մասերը՝ միացման դեռևս չկիրառված եղանակով։

«Սա գործված կտավ է եղել։ Մենք թեզանի հորիզոնական թելերը հեռացրել ենք, և միայն հենքի ուղղահայաց թելերն են մնացել։ Ու հենց իր «հարազատ» թելերի միջոցով կատարվել է երկու կտավների միացումը։ Բարդությունն այն էր, որ ամեն թելը մշակվել է, որոշ թելեր հեռացվել են, որովհետեւ խիտ են եղել, աջ կողմի թելը սոսնձվել է ձախ կողմի կտավին ու հակառակը», - «Մեդիամաքս» գործակալությանը պատմել է նկարիչ-վերականգնող Արտաշես Աբրահամյանը։

Բարդ փուլն ավարտելուց հետո ներկաշերտի ամրակայում ու կտավի կրկնապատում է արվել։ Կտավի վերականգնումը տևել է վեց ամիս։ Այսօր արդեն հանճարեղ գեղանկարչի այս հրաշալի ստեղծագործությունը ցուցադրված է հայաստանի ազգային պատկերասրահում։

Աղբյուրը՝ ECTI

Մարտիրոս Սարյան «Ձորագես»