1931 թվականին Մարիետա Շահինյանն ավարտում է ՁորաՀԷԿ-ի շինարարության մասին պատմող իր «Հիդրոցենտրալ» վեպը, որը ՀԷԿ-ի շինհրապարակում գրողի անցկացրած տարիների արդյունքն էր։
Վեպի նմուշային օրինակը Շահինյանն ուղարկում է Ստալինին՝ հիշեցնելով, որ նա խոստացել է գրել գրքի առաջաբանը։ Բայց Ստալինի պատասխանը գրողի համար այնքան էլ գոհացուցիչ չէր...
«Պետք է ներողություն խնդրեմ ձեզանից, որ ներկայում հնարավորություն չունեմ կարդալու ձեր ստեղծագործությունը և նախաբան գրելու։ Երեք ամիս առաջ ես դեռ կկարողանայի կատարել Ձեր խնդրանքը (հաճույքով կկատարեի), բայց հիմա, հավատացեք, ես զրկված եմ այն կատարելու հնարավորությունից՝ ընթացիկ աշխատանքով ծայրահեղ ծանրաբեռնվածության պատճառով», - գրում է Ստալինը։
Իր «Ստալին. կյանքի և գործունեության ժամանակագրություն (մաս առաջին) – հեղափոխությունը վերևից» գրքում պատմաբան Յուրի Ժուկովը մեջբերում է Ստալինի պատասխանը, ով 1931թ. մայիսի 20-ին Մարիետա Շահինյանին գրել է. «Ինչ վերաբերում է «Հիդրոցենտրալի» հրատարակումն արագացնելուն և Ձեզ չափից դուրս քննադատությունից պաշտպանելուն, ապա ես անպայման դա կանեմ։ Միայն թե ասացեք, թե կոնկրետ ում պետք է «սեղմեմ», որ գործը տեղից շարժվի»:
Ստալինի կողմից իր խոստումը չկատարելու փաստը ռուս լրագրող, հրապարակախոս Վյաչեսլավ Պոլոնսկին ևս բացատրում է նրա գերզբաղվածությամբ։ Իր հիշողություններում Պոլոնսկին գրում է. «10/V.31 Եկել էր Մարիետա Շահինյանը։ Նա հիվանդ էր, մի շարք վիրահատությունների էր ենթարկվել։ Մեծ դժվարությամբ ավարտել էր «Հիդրոցենտրալը»: Նա ինքը հիացած է վեպով։ Հպարտությամբ ասում է. «Առաջին վեպը, որում ցուցադրված են բոլոր արտադրական հարաբերությունները»։ Նա ավելի քան երկու տարի ապրեց բարաքներում, բանվորների հետ միասին, իսկապես շատ տեխնիկական գիտելիքներ ձեռք բերեց և հասկանում է ամենանուրբ տեխնիկական հարցերը: Հիվանդ է, ծանր է լսում, բայց աշխատելու մեծ ցանկություն ունի։
Երազում է Ստալինից ստանալ «Հիդրոցենտրալի» առաջաբանը։ Մտածում է վեպն այլ լեզուներով թարգմանելու մասին, բայց վախենում է, որ արժեքից էժան կվաճառի։ Պատմում էր, որ գերմանացիներն իրեն առաջարկել են վաճառել թարգմանության իրավունքը, բայց այնքան քիչ գումար են առաջարկել, որ չի ցանկացել վաճառել։ Փառքը, փողն ու էնտուզիազմը նրա մոտ համակցված են»։
Ուշագրավ է, որ Մարիետա Շահինյանին ուղղված Ստալինի նամակի մասին հիշատակում է նաև գրող, հրապարակախոս Կորնեյ Չուկովսկին։ Իր «Օրագիր 1930-1969» գրքում հեղինակը գրում է. «Մի անգամ Արվեստների տանը նա [Մարիետա Շահինյանը] վառելափայտ ու կացին բերեց իր սենյակ։ Ես խղճացի նրան և ասացի. «Տուր ինձ, ես կօգնեմ»։ Նա, մտածելով, որ ես ուզում եմ վառելափայտը խլել իրենից, կացինը բարձրացրեց ու թափահարեց... Նա ինձ ցույց տվեց Ստալինի՝ իրեն ուղղված նամակը («Հիդրոցենտրալի» առնչությամբ)։ Ստալինը ցանկացել էր գրել գրքի նախաբանը, բայց նա շատ զբաղված է, չի կարողանում գտնել անհրաժեշտ ժամանակը և խնդրում է ասել, թե ում հետ պետք է խոսի, որպեսզի «Հիդրցենտրալը» «բաց թողնեն» առանց աղավաղման: Նամակը սիրալիր էր, կարմիր թանաքով գրված, շատ ընկերական: Հատկանշական է, որ Շահինյանն այդպես էլ չհամարձակվեց այցելել Ստալինին, տեսնել նրան, թեև շատ էր ուզում, միայն այն պատճառով, որ լսողությունը թույլ էր ու նա դրանից ամաչում էր»։
«Հիդրոցենտրալ» վեպը կարևոր հանգրվաններից մեկն էր գրողի՝ կյանքի վերակակառուցման լենինյան առաջադրանքների ըմբռնման ճանապարհին։ Թերևս՝ ամենակարևորը։ Սա վեպ է ոչ միայն նոր արտադրահարաբերությունների, այլև մարդկային բնավորության մեջ սոցիալիստական նոր գծերի ձևավորման մասին»,- ասված է գրքի 1988 թվականի հրատարակության առաջաբանում։
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ Մարիետա Շահինյան «Հիդրոցենտրալ»