Ակադեմիկոս, ինժեներ և Սովետական Միության հիդրոէլեկտրակայանների կառուցման պիոներ Հենրիխ Գրաֆտիոն ծնվել է 1869 թվականի դեկտեմբերի 26-ին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում, հոլանդական ազնվական ընտանիքում։ Ավարտել է Օդեսայի Ռիշելյոյի գիմնազիան, ապա Նովոռոսիյսկի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը և Սանկտ Պետերբուրգի երկաթուղային ինժեներների կորպուսի ինստիտուտը։
Ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը մեկնել է արտասահման՝ պրակտիկայի։ Եվրոպայի և ԱՄՆ-ի խոշորագույն գործարաններում նա ծանոթացել է շոգեգեներատորների, տուրբինների, էլեկտրական շարժիչների նորագույն մոդելներին։
Ռուսաստան վերադառնալուց հետո Գրաֆտիոն ակտիվ գործունեությւոն է ծավալում հիդրոէներգետիկայի զարգացման ու երկաթուղիների էլեկտրաֆիկացման բնագավառում։
Լինելով ԳՈԷԼՌՈ-ի պլանի մշակման հանձնաժողովի անդամ՝ անմիջականորեն վերահսկել է Կովկասի տարածաշրջանի էլեկտրաֆիկացման գործընթացը։
1918 թվականի հունվարին Գրաֆտիոն Լենինի անունից կազմել է Վոլխովստրոյի նախահաշիվը։ 1918 թվականի հուլիսի 14-ին կանչվել է Մոսկվա՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ, որտեղ Լենինի նախագահությամբ քննարկվել է Վոլխովստրոյի հարցը։
Լենինի անձնական ցուցումով 1921 թվականից ղեկավարել է Սվիրսկայա հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, որն ընդհատումներով տևեց ութ տարի և ավարտվեց 1926 թվականին։
Սվիրստրոյից հետո Գրոֆիտոն գործուղվում է Հայաստան, ուր 1928 թվականին ստանձնում է ՁորաՀԷԿ-ի նախագծման և կառուցման աշխատանքների ղեկավարումը։
Ինժեներն իր բոլոր ստեղծագործությունները նվիրել է իր մշտական մուսային՝ սիրելի կնոջը՝ Անտոնինա Ադամովնային, ով ամբողջ կյանքում աշխատել է որպես նրա քարտուղար։ Այսպիսով, ինչպես Նիժնե-Սվիրսկայա, այնպես էլ Վոլխով հիդրոէլեկտրակայանների գործարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին՝ նրանց հարսանիքի օրը։
Նույն օրը նա զեկուցեց նաև ՁորաՀԷԿ-ի շինարարության ավարտի և ՀԷԿ-ի շահագործման մասին, թեև ՁորաՀԷԿ-ի գեներատորի փորձնական թողարկումը տեղի ունեցավ 1932 թվականի նոյեմբերի 15-ին։
Հրաշքով Գրաֆտիոյին հաջողվեց խուսափել նաև «ինժեներների ցեղասպանությունից»։
Մարիետա Շահինյանը Ստալինին տեղեկացնում է այն մասին, որ ՁորաՀԷԿ-ի շինարարությունը մոտենում է ավարտին և առանց Հենրիխ Գրաֆիտոյի անհնար կլինի հիդրոկայանի թողարկումը։
Լսելով այդ մասին՝ Ստալինը հրաժարվում է Գրաֆիտոյին գնդակահարելու մտքից։ Նրան անգամ չեն ձերբակալում, միայն տեղափոխում են Գիտությունների ակադեմիայի համակարգ, այլ կերպ ասած՝ «աքսորում են գիտություն»: 1932 թվականի մարտի 29-ին, շրջանցելով բոլոր միջանկյալ քայլերը, Հենրիխ Գրաֆտիոն Ստալինի ցուցումով «ընտրվում է» ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Հենրիխ Օսիպովիչը վարժ տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, իտալերենին և շվեդերենին։ Նա նաև մեծ ուշադրություն էր դարձնում բարձրագույն տեխնիկական անձնակազմի պատրաստմանը։
Նշանավոր ինժեներ, արտադրության կազմակերպիչ և 1932 թվականից «արդյունաբերական ակադեմիկոս» Հենրիխ Գրաֆթիոն մահացել է 1949 թվականի ապրիլի 30-ին Լենինգրադում։ Նրա հուշաքարին փորագրված են նրա կյանքի հիմնական շինարարական նախագծերի պատկերներն ու տարեթվերը։
Աղբյուրը ՝ ECTI