Հովսեփ Տեր-Աստվածատրյանը ծնվել է 1886 թվականի ապրիլի 19-ին Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը։ 1922-1925 թվականներին եղել է Շիրակի ոռոգման ջրանցքի և Լենինականի ՀԷԿ-ի շինարարության պետը և գլխավոր ինժեները։
1927 թվականից եղել է ՁորաՀԷԿ-ի շինարարության գլխավոր ինժեները, այնուհետև՝ պետը։ Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ կառուցվել է ԶորաՀԷԿ-ի 3,2 մետր տրամագծով ու 2,5 կմ երկարությամբ ճնշումային թունելը՝ իր տեսակի մեջ առաջին նման բարդության հիդրոինժեներական կառույցը ԽՍՀՄ-ում։
Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ կիրառվել է թունելային երեսվածքի վրա լեռնային ճնշման տենզոմերական ակուստիկ չափիչ սարք, ինչպես նաև ավտոմատ ինքնագլորվող գլանաձև փականի ինքնատիպ կառուցվածք։
ՁորաՀԷԿ-ի շինարարության հաջող ավարտի համար Հովսեփ Տեր-Աստվածատրյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Եղել է Մարիետա Շահինյանի «Հիդրոցենտրալ» վեպի գլխավոր հերոսներից մեկը։
Ղեկավարել է Սևան-Հրազդան կասկադի հէկերի նախագծերի կազմման, Սևանի և Գյումուշի հէկերի շինարարության նախապատրաստական աշխատանքները։ 1931 թվականին նրա ղեկավարությամբ կազմվել է Սևանա լճի ջրերի օգտագործման նախագիծը, որը նախատեսում էր շուրջ 140 հազար հեկտար անջրդի հողերի ոռոգում ու 2,5 մլրդ կՎտ*ժ էլեկտրաէներգիայի արտադրություն։
Տեր-Աստվածատրյանը կազմակերպել և առաջինը գլխավորել է Կառուցվածքների գիտահետազոտական (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ), ապա «Հիդրոէլեկտրանախագիծ» (այժմ՝ «Հիդրոնախագիծ») ինստիտուտները։ Նա նաև Հայաստանում հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է։
Եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով։
Չնայած իր բացառիկ արժանիքներին և գիտատեխնիկական նվաճումներին, Հովսեփ Տեր-Աստվածատրյանը չկարողացավ խուսափել ստալինյան բռնաճնշումներից. 1937 թվականի հունիսին նրան ձերբակալեցին, մեղադրեցին «վնասարարության» մեջ և 1938 թվականի հուլիսի 19-ին մահապատժի ենթարկեցին։
Եվ միայն Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, Հովսեփ Տեր-Աստվածատրյանը հետմահու արդարացվեց, իսկ 1966 թվականին նրա անունով կոչվեց Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը։ Կայանի տարածքում կանգնեցվեց նաև նրա հուշարձանը։
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ Տեր-Աստվածատրյանը հայկական պատվիրակության կազմում. Կրեմլ, հունվար 1936թ.