Կողոպուտ և սպանություն. ինչպե՞ս զոհվեց ՁորաՀԷԿ-ը կառուցած գլխավոր ճարտարագետը

Պատկերը՝ Իվան Եղիազարովը

Պատկերը՝ Իվան Եղիազարովը

Երևանի Մաշտոցի (նախկինում՝ Լենինի) պողոտայի 9 հասցեում տեղակայված քառահարկ բնակելի շենքն այսօր ընդգրկված է Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։ Այն կառուցվել է 1939 թվականին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի (մինչև 1943 թվականը՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ) աշխատակիցների համար։

Այս շենքում ապրել են անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստի գործիչներ։ Այս շենքի իր բնակարանում 1971 թվականին կողոպտիչների կողմից դաժանաբար սպանվեց հայ խորհրդային հիդրոէներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943) Իվան Եղիազարովը...

Ծնվել է 1893 թվականի հունվարի 6-ին որոշ տվյալներով՝ Հայաստանում։ Հայրը՝ առաջին համքարության (գիլդիա) վաճառական Վասիլի Եղիազարովը, շուտով տեղափոխվում է Թիֆլիս, ուր զբաղվում էր կենցաղային երկաթեղենի առևտրով։

Մանկությունն անցել է հայրական տանը՝ Շալվա Դադիանիի փողոց, 14 հասցեում։ Վասիլին ու նրա կինը՝ Մարիա Դավիդովնան տասը երեխա ունեին, որոնցից երկուսը մահացան տիֆից դեռ մանուկ հասակում։

Մի անգամ Եղիազարովների մեծ ընտանիքը մեկնում է Փարիզ՝ հանգստի։ Ֆրանսիայի մայրաքաղաք նրանք ճանապարհվում են նավով։ Ճանապարհին մի երիտասարդ ֆրանսիացի մոտենում է Մարիա Դավիդովնային, ծնկի է իջնում նրա առջև՝ դրանով իր խորին հարգանքն ու ակնածանքն արտահայտելով նման «հերոսական» քայլի համար։

1906-ին ընտանիքի հայրը մահանում է, ու երեխաների խնամքի բեռն ամբողջությամբ ընկնում է Մարիա Դավիդովնայի ուսերին։ Մարիա Դավիդովնան ավարտել էր ազնվական օրիորդների ինստիտուտը, բարեկիրթ կին էր, տիրապետում էր մի քանի լեզուների, բայց նրա մեծագույն արժանիքը, թերևս, անսահման բարությունն էր։

Մինչ խորհրդային կարգերի հաստատումը Եղիազարովների ընտանիքում քեֆերն ու խնջույքները գրեթե ամենօրյա երևույթ էին։ Նրանք անգամ ընտանեկան խոհարար ունեին՝ Սուլիկոն, որն ապրում էր նրանց ընդարձակ տան երկրորդ հարկում։

Եզիազարով եղբայրներից մեկը՝ Բոգդանը, դիվանագետ էր, ծառայում էր Թիֆլիսի ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունում...

Դե, իսկ հետո իշխանությունը փոխվեց, ու Բոգդանը ֆրանսիացի դիվանագետների հետ հեռացավ Թիֆլիսից։ Բաթումի նավահանգստից այդ օրը մեկնեցին երկու նավեր։ Մեկով երկիրը լքեցին իշխանության ներկայացուցիչները, մյուսով՝ արտագաղթող մտավորականները, բուժուաներն ու հասարակ մահկանացուները։

Բոգդանը հեռացավ կնոջ հետ, որի չտեսնված գեղեցկության մասին լեգենդներ էին պատմում։ Հետագայում Բոգդանը կռվում էր ֆրանսիական դիմադրության շարքերում...

Եղիազարով եղբայրներից Թիֆլիսը լքեց նաև Իվանը։ Նա մեկնեց Սանտ Պետերբուրգ՝ կրթություն ստանալու։ Ընդունվեց տեղի էլեկտրատեխնիակական ինստիտուտը, ուր նրան դասավանդում էր Հենրիխ Գրաֆիտոն։ Գրաֆիտոյի հետ միասին նա մասնակցել է ԳՈԷԼՌՈ-ի հանձնաժողովի աշխատանքներին, եղել է Դնեպրյան ՀԷԿ-ի նախագծի փորձագետ, մասնակցել է Վոլխովի, Սվիրի ու Զորագետի ՀԷԿ-երի նախագծմանը։

1928 թվականին, ստանձնելով ՁորաՀԷԿ-ի նախագծման և կառուցման աշխատանքների ղեկավարումը, Գրաֆիտոն Եղիազարովին ևս հրավիրում է Հայաստան, ու նա նշանակվում է ՁորաՀԷԿ-ի գլխավոր ճարտարագետ։

Հետո սկսվում է Երկրորդ աշխարհամարտը, ու Եղիազարովների ընտանիքը տեղափոխվում է Միջին Ասիա։ Այդ ժամանակ բոլոր «արժեքավոր» կադրերը՝ գիտնականներ, դերասաններ, հետազոտողներ, բոլորն էվակուացվում էին։

Բայց այնպես ստացվեց, որ Իվան Վասիլևիչը չկարողացավ իր հետ տանել նաև քրոջը, որ Թիֆլիսից եկել էր նրա մոտ՝ Լենինգրադ։ Նա մնաց պաշարված Լենինգրադում։ Պատերազմից հետո Եղիազարովը վերադարձավ Լենինգրադ, ապա տեղափոխվեց Երևան։

Եղել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի հիդրոէլեկտրական ուժային տեղակայանքների ամբիոնի պրոֆեսոր, Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ջրային էներգիայի օգտագործման ամբիոնի վարիչ, ԽՍՀՄ ջրաէներգետիկական ինստիտուտի տնօրեն։ Ուսումնասիրությունները վերաբերում են հիդրոէներգետիկայի, հիդրավլիկական մոդելավորման, չհաստատված հոսանքների և ջրամբարտակների շարժման հարցերին։

Եղիազարովը եղել է նաև հիդրավլիկ հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հիմնադիրներից և պատվավոր անդամ, Թուլուզի (Ֆրանսիա) ակադեմիայի թղթակից անդամ, Բուդապեշտի համալսարանի պատվավոր դոկտոր։ Ընտրվել է ԽՍՀՄ երկրորդ գումարման Գերագույն Սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։  

Կյանքի վերջին տարիներին ապրում էր Երևանում՝ ակադեմիկոսների շենքի իր բնակարանում։ Երեխաներ չուներ։ Ապրում էր միայնակ։

...1971թվականի մի օր էլ լուր է տարածվում, որ ակադեմիկոսի դին հայտնաբերվել է իր բնակարանում։ Դիակի վրա եղել են խոշտանգման հետքեր։ հետաքննությամբ պարզվում է, որ միայնակ ծերունու բնակարան խաբեությամբ ներթափանցել են կողոպտիչներ։ Նրանք դաժանաբար ծեծել և սպանել են ակադեմիկոսին, կողոպտելով բնակարանի բոլոր թանկարժեք իրերը։

Այսպես, 78 տարեկան հասակում ակադեմիկոսների շենքի իր բնակարանում իր մահկանացուն կնքեց անվանի գիտնականը, ով եղել էր ՁորաՀԷԿ-ի առաջին գլխավոր ճարտագետն ու հիմնական նախագծողներից մեկը...

Աղբյուրը՝ ECTI

Պատկերը՝ Իվան Եղիազարովը