Նա կառուցել է նաև ՁորաՀԷԿ-ը

Պատկերը՝ Նիկոլայ Գունդոբինը

Պատկերը՝ Նիկոլայ Գունդոբինը

1927 թվականի մայիսի 6-ին ԽՍՀՄ աշխատանքի և պաշտպանության խորհրդի կողմից ընդունվեց հրամանագիր Ձորագետի (Քոլագերանի) շրջանային էլեկտրակայանի կառուցման մասին, որով ճանաչվեց Հայկական ԽՍՀ-ում Ձորագետ (նախահեղափոխական շրջանի ռուսական քարտեզների վրա նշված է «Կամենկա» անունով) գետի վրա 21 ՄՎտ հզորությամբ տարածաշրջանային հիդրոէլեկտրակայանի և էլեկտրահաղորդման գծերի կառուցման անհրաժեշտությունը Հայաստանի հյուսիսային արդյունաբերական շրջանների և ցիանամիդի գործարանի էլեկտրամատակարարման նպատակով։

ՀԷԿ-ի շինարարության ինժեներների խմբում, ի թիվս այլ ականավոր ինժեներների, ներգրավվեց նաև Վոլխովի ու Դնեպրի հիդրոէլեկտրակայանների նախագծողներից ինժեներ-ճարտարապետ Նիկոլայ Գունդոբինը:

Նիկոլայ Պետրովիչը ծնվել է 1893 թ. Վլադիմիրի նահանգի Մուրոմ քաղաքում, քաղաքի ժառանգական պատվավոր քաղաքացի Պյոտր Վասիլևիչ Գունդոբինի ընտանիքում։ 1900-ականների սկզբին Գունդոբինների ընտանիքը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։

Նիկոլայ Գունդոբինն ավարտել է ինժեներների ինստիտուտը, 1920-1924 թվականներին ուսանել է Պետրոգրադի պետական ​​գեղարվեստական-կրթական արվեստանոցներում, Արվեստների համառուսաստանյան ակադեմիայի ճարտարապետության ​​բաժնում (Բարձրագույն արվեստի և տեխնիկական ինստիտուտ, նախկինում՝ Արվեստի կայսերական ակադեմիա):

Նույն տարիներին որպես ինժեներ-ճարտարապետ մասնակցել է Վոլխովի հիդրոէլեկտրակայանի նախագծմանն ու կառուցմանը Օսկար Մունցի գլխավորած նախագծային խմբի կազմում։

Նիկոլայ Պետրովիչն ակտիվորեն մասնակցել է նաև չորս այլ հիդրոկայանների, այդ թվում՝ ժամանակի եզակի ինժեներական կառույցներից մեկի՝ ՁորաՀԷԿ-ի, նախագծման ու կառուցման աշխատանքներին։

Գունդոբինների ընտանիքում, որպես ընտանեկան մասունք, պահվում էր Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, որը պատկանում էր նրա մորը՝ Գլաֆիրա Ալեքսեևնային։ Երկար տարիներ սրբապատկերը գտնվում էր սպիտակեղենի պահարանում: Դրա հետ է կապված մի ընտանեկան իրադարձություն կար. երբ Գլաֆիրա Ալեքսեևնան երեխայի էր սպասում, նա երազում տեսնում է Սուրբ Նիկոլային։

Երազն այնքան պարզ էր, որ մայրը դրանում նախանշան տեսավ: Նա իր որդուն անվանակոչեց Նիկոլայ՝ ի պատիվ սրբի, և նրա պահապան հրեշտակ Սբ.Նիկոլայի դեմքով սրբապատկեր պատվիրեց: Այն վրձնեց նկարիչ Պ.Ի.Բրուսնիկինը Սանկտ Պետերբուրգում 1893 թվականին։

Գունդոբինի ժառանգները կարծում են, որ Նիկոլայ Պետրովիչը մահացել է պաշարված Լենինգրադում 1942 թվականին, սակայն Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան լյութերական գերեզմանատանը գտնվող Գունդոբինի շիրմաքարին որպես մահվան տարեթիվ նշված է 1945 թվականը։

Հավանաբար, Ն.Պ. Գունդոբինն, այնուամենայնիվ, տարհանվել է Լենինգրադից մինչ բլոկադան, ու նա հաստատ կարողացել է վերադառնալ: 1944 թվականի մարտին նա մասնակցել է Գատչինայում կայացած գիտատեխնիկական կոնֆերանսին։ Պահպանվել է նույնիսկ կոնֆերանսում՝ Պավլովսկի և Պուշկինի ժառանգության վերականգնմանը նվիրված նրա ելույթի սղագրությունը։

Աղբյուրը՝ ECTI

Պատկերը՝ Նիկոլայ Գունդոբինը