Պատկերը՝ Հովհաննես Մելիք–Փաշայանը
Հայ սովետական ինժեներ-էներգետիկ Հովհաննես Ներսեսի Մելիք–Փաշայանը ծնվել է 1889թ. մայիսի 1-ին Շուշիում։ 1913 թվականին ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Նրա նախագծերով են կառուցվել ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկները՝ Զեմո-Ավճալայի Լենինի անվան, Ռիոնի, Երևանի, Լենինականի, Ստեփանակերտի ՀԷԿ–երը։
Մելիք-Փաշայանի մշակած «Հայաստանի էլեկտրիֆիկացման օրինակելի պլանը» (1921–22թ.թ.) դրվել է ՀԽՍՀ էներգետիկայի զարգացման հիմքում։ Ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով...
1927 թվականի մայիսի 6-ին ԽՍՀՄ աշխատանքի և պաշտպանության խորհրդի կողմից ընդունվեց հրամանագիր Ձորագետի (Քոլագերանի) շրջանային էլեկտրակայանի կառուցման մասին: ՀԷԿ-ի շինարարության ինժեներների խմբում, ի թիվս այլ ականավոր ինժեներների, ներգրավվում է նաև փորձառու ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշայանը։
1932 թվականին, ՁորաՀԷԿ-ի շահագործումից հետո, Մելիք-Փաշայանին գործուղում են Ուզբեկստան՝ Չիրչիկ գետի վրա ՀԷԿ կառուցելու հանձնարարությամբ, ինչն էլ ճակատագրական եղավ հայ ինժեների համար։
Խորհրդային Ուզբեկստանի աճող տնտեսությունը Էլեկտրաէներգիայի հրատապ կարիք ուներ, և ընկեր Մելիք Փաշաևի փորձը ՁորաՀԷԿ-ի նախագծման և կառուցման գործում ավելի քան օգտակար գտնվեց։
1932 թվականի ապրիլի 28-ին Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը հավանություն տվեց Չիրչիկի էներգահամալիրի կառուցմանը, որը բաղկացած է երկու հիդրոէլեկտրակայաններից, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի գործարանից, որը պետք է դառնար հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի հիմնական սպառողը։
Չիրչիկի հիդրոէլեկտրակայանի կառուցումը կարևոր փուլ էր Ուզբեկստանում էլեկտրաէներգետիկ արդյունաբերության զարգացման համար, քանի որ միայն Չիրչիկի ՀԷԿ-ի նախագծային հզորությունը շինարարության մեկնարկի պահին 3 անգամ գերազանցում էր Ուզբեկստանում գործող բոլոր էլեկտրակայանների գումարային դրվածքային հզորությունը։
ՉիրչիկՀԷԿ-ի նախագծման և կառուցման ախատանքները ղեկավարում էր խորհրդային տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ, «առաջին ընդդիմության» մասնակից Դավ Ռոզիտը։
Ստալինը Ռոզիտին սկսել էր «հետապնդել» դեռևս 1929 թվականից, երբ ջախջախվեց բոլշևիկյան կուսակցության «աջ» թևը, որը գլխավորում էր Նիկոլայ Բուխարինը։ Կենտկոմի պլենումում իր ելույթում Ստալինն ընդգծում էր. «Ես տեսնում եմ, որ Ռոզիտը երդվել է ծառայել Բուխարինին, բայց նրա ծառայությունն ամենաաղետալին է, քանի որ նա, ցանկանալով փրկել Բուխարինին, խեղդում է նրան։ Իզուր չի ասված, որ արջի ծառայություն մատուցող բարեկամն ավելի վտանգավոր է, քան թշնամին»։
Վախենալով միանգամից շարքից հանել Բուխարինի կողմնակից Ռոզիտին, Ստալինը սկսում է հերթով «վնասազերծել» նրա շրջապատի մարդկանց։ Առաջինը հարվածի տակ է ընկնում ընկնում Հովհաննես Մելիք Փաշայանը։ Նրան մեղադրում են վնասարարության ու հակասովետական գործունեության մեջ...
Մելիք-Փաշայանի մահվան ստույգ վայրն ու հանգամանքները մինչ օրս անհայտ են։ Պաշտոնական վարկածով՝ նա մահացել է Լենինգրադում 1935թ. հոկտեմբերի 28-ին հիվանդությունից։
Դե իսկ «Չիրչիկշինի» առաջին տնօրեն Դավ Ռոզիտը 1937 թվականին մեղադրվեց վնասարարության մեջ, ձերբակալվեց, ապա՝ գնդակահարվեց։
Այսպիսով, ՁորաՀԷԿ-ը նախագծած ու կառուցած տաղանդավոր ինժեները գործիք դարձավ Ստալինի ձեռքում քաղաքական գործիչ Ռոզիտի հետ հաշվեհարդար տեսնելու ճանապարհին։ Նրա մեղքն այն էր, որ ոչ ճիշտ պահին ակամա հայտնվել էր ոչ ճիշտ տեղում։ Ստացվեց ինչպես հայտնի առածում. «Քեֆը անի Նազարը, խումար ընկնի Ղազարը»...
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ Հովհաննես Մելիք–Փաշայանը