Պատկերը՝ Մարտիրոս Սարյանն ու Մարիետա Շահինյանը, 1965թ.
Աշխարհահռչակ հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը ծնունդով Նոր Նախիջևանից էր։ Դոնի ափին գտնվող հայկական այս գաղթօջախում հայերն ապրել են 18-րդ դարի վերջից՝ տեղափոխվելով Ղրիմից։ Հենց այս քաղաքում, որը դարձավ հայ մշակույթի կենտրոններից մեկը, Մարտիրոս Սարյանն առաջին անգամ հանդիպեց Մարիետա Շահինյանին։
Այն ժամանակ արդեն հայտնի բանաստեղծուհի և գրող Մարիետա Շահինյանը 1915-1922 թվականներին ապրել է Նոր Նախիջևանում, որտեղ բնակություն էին հաստատել նրա պապն ու մայրը Այստեղ նա աշխատում էր «Ազովի շրջան» ամսագրում։
Այստեղ 1919-ին լույս է տեսնում Մ.Շահինյանի բանաստեղծությունների «Օրիենտալիա» գրքի երկրորդ հրատարակությունը, որի շապիկի հեղինակը Մարտիրոս Սարյանն է։
Միաժամանակ, Սարյանը նկարել է «Մարիետա Շագինյանի դիմանկարը» (1919) գրաֆիկան, որը հետագայում զետեղվել է նրա «Հիդրոցենտրալ» (1934) գրքի տիտղոսաթերթին։
Վարպետն ստեղծել է նաև գրողի դիմանկարը յուղաներկով, սակայն կտավի ստեղծման ստույգ տարեթիվն ու գտնվելու վայրը այսօր հայտնի չեն։
Մարտիրոս Սարյանի ու Մարիետա Շահինյանի բարեկամությունը եղել է երկար ու բեղմնավոր։ Գրողը երկու սրտահույզ հոդված է գրել Սարյանի մասին, իսկ Վարպետը նրա «Հայաստան» գրքի համար ստեղծել է մի շարք գեղեցիկ ջրաներկ կտավներ։
Հենց Մարիետա Շահինյանի հորդորով էլ Սարյանը գնում է ՁորաՀԷԿ-ի շինհրապարակ, ուր ստեղծում է ՁորաՀԷԿ-ի հերոսական շինարարությունն արտացոլող իր գեղանկարները։ Այստեղից էլ բերում է բազմաթիվ էսքիզներ, որոնցում սովորում է պատկերել նոր կյանքի դրսևորումները։
Այստեղ մենք գալիս ենք այն եզրահանգման, թե ինչը կարելի է անվանել Սարյանի անձնական առեղծվածը և ինչն էր այդքան հետաքրքրում է նրա ստեղծագործության քննադատներին. արդյո՞ք նա կանգ առավ իր զարգացման մեջ, ետ գնաց, «մեռավ» 1910-1913 թվականների Սարյանը, որի թանկարժեք կտավները կարող էին զարդարել ցանկացած եվրոպական ցուցասրահ...
Իսկ կենդանի Սարյանը հանգիստ պատասխանում է իմ ակամա հարցադրումներին իր վստահ ու հանդարտ ձայնով. «Հասկացե՛ք, իմ վարպետությունը մնում է ինձ հետ, և ինձ ոչինչ չի արժենա նորից վրձնել ու կրկնվել, մեծ ու փոքր «սարյաններ» սարքել։ Բայց ինչո՞ւ անել այն, ինչ արդեն արվել է, կրկնել։ Հիմա կարևոր է նոր բան գտնելը»։
ՁորաՀԷԿ-ում Մարիետա Շահինյանը բացահայտեց Սարյանի ստեղծագործական կեցվածքի ուղղությունը նրա հետ աշխույժ, անմիջական զրույցների ընթացքում։
Սակայն հենց այն պատճառով, որ Սարյանը գտնվում էր «в опале» Շահինյանի գիրքը լույս տեսավ առանց Սարյանի նկարազարդումների։ Պահպանվել են միայն վերջին երկու ջրաներկ պատկերները, որոնք պահվում են նկարչի ընտանեկան հավաքածուում և Մ.Սարյանի տուն թանգարանում։ Եվս մեկը՝ «Ձորագեսը» մասնավոր հավաքածուում է։ Մնացածների գտնվելու վայրը, ցավոք, անհայտ է։
Միայն 1965-ին՝ խրուշչովյան «հալոցքի» տարիներին, երբ արդեն վերագնահատվում էր վարպետի ստեղծագործության նշանակությունը, լույս տեսավ Մ.Շահինյանի «Մարտիրոս Սարյանի գաղտնիքը» ծավալուն հոդվածը։ Սարյանին մոտիկից ճանաչող գրողը բացահայտում էր նրա բնավորության կարևոր գիծը. թվարկելով, թե որքան ցավ ու վրդովմունք է ապրել նկարիչը ստալինյան բռնաճնշումների տարիներին, նա գրում է. «Սարյանը երբեք չի եղել այն մարտիկը, ով հետ է շպրտում անարդար մեղադրանքը, դիմակայում է ձեռքի տակ եղած բոլոր ինքնապաշտպանական զենքերով, իր հերթին ցավոտ հարվածներ է հասցնում... Նա, ով Սարյանին ողջ կյանքում ճանաչել է, խորապես գիտակցում է այս արտասովոր մարդու որակը՝ լռություն...»:
Աղբյուրը՝ ECTI